Հետևեք մեզ Twitter-ում

  

Thursday, October 7, 2010

Ռոդմեն Ֆիլբրիք. «Գրելու Խորհուրդներ Ռոդից»

(վերցված է հեղինակի «Freak the Mighty» վիպակի հավելվածից)

«Երևակայությունը մկան է: Ինչքան շատ այն օգտագործես, այնքան կուժեղանա»:

Ռոդմեն Ֆիլբրիքը սկսել է գրել, երբ դեռ վեցերորդ դասարանում էր սովորում: Սկզբում նա իր պատմվածքները գաղտնի էր պահում, քանի որ գրելը նրան «դեմք» կամ «նորմալ» չէր թվում, բայց երբ դարձավ տասնվեց տարեկան, որոշեց մի քանի հրատարակիչների ուղարկել իր առաջին վիպակը: Վիպակը մի տղայի մասին էր, ով թաքուն հիացմունքով էր նայում իր ամենամոտիկ ընկեկերոջը՝ հանճարի, ով վերջում ողբերգականորեն մահանում է: Չնայած վիպակը մերժեցին, Ռոդը չհանձնվեց: Երբ նա քսանութ տարեկան էր, նրա գրական կարիերան առաջ շարժվեց հասուն ընթերցողի համար նախատեսված վիպակի տպագրության շնորհիվ:
Այստեղ Ռոդն իր խորհուրդներով է կիսվում բոլոր տարիքների գրողների հետ:
  1. Սկսելն ավելի հեշտ է, քան քեզ թվում է: Ինչպես Ֆրիքն է ասում Մաքսին, գրելն ընդամենը «թղթի վրա խոսել է»: Կարող ես սկսել ինքդ քեզ պատմություն պատմելով (ցանկացած պատմություն, որ կարիք էլ չունես ուրիշի հետ կիսել)՝ օրագրի մեջ գրի առնելով կամ համակարգչով հավաքելով:
  2. Նույնիսկ երբ գեղարվեստական գրականություն ես գրում, պետք է ճշմարտությունն ասես: Սա չի նշանակում, թե պետք է գրես իրական մարդկանց կամ նույնիսկ սեփական կյանքիդ մասին, բայց կարող ես այնպես անել, որ ընթերցողներդ հավատան քո ստեղծած հերոսներին, եթե նրանց զգացմունքները մաքուր են: Ուրախությունը քեզ ունակ է դարձնում թռչել: Զայրույթը սրտումդ սպանություն է ծնում: Վիրավորանքը ֆիզիկական ցավ է պատճառում: Սրանք զգացմունքներ են, որոնք բոլորիս էլ հատուկ են:
  3. Լավ հիշողությունն օգնում է: Նորից, եթե նույնիսկ քո սեփական անցյալ կամ ներկա ապրումների մասին չես գրում, հերոսներն ու իրավիճակները, որոնց մասին գրում ես, պետք է իրական թվան: Մնածիր քո ննջասենյակի մասին: Որտե՞ղ ես նստում, երբ այնտեղ ես: Ի՞նչ ես տեսնում պատուհանից: Դրսից ի՞նչ հոտ է գալիս: Հենց այս տարրերն են, որ կարող են քեզ օգնել ձևավորել աշխարհ, որն ընթերցողներդ կճանաչեն, նույնիսկ եթե ուրիշ մոլորակի վրա կյանքի մասին ես գրում:
  4. Խաղա «ի՞նչ կլիներ, եթե» խաղը: Ինքդ քեզ հարց տուր, ու պարզիր, թե ուր է քեզ տանում պատասխանը: Կարող ես քո սեփական կյանքի մասին հարցից սկսել: Ի՞նչ կլիներ, եթե դու պարզեիր, որ երկվորյակ քույր կամ եղբայր ունես, որի մասին քեզ ոչ ոք չի ասել: Ի՞նչ կլիներ, եթե դու ցանկանայիր հանդիպել երկվորյակիդ, բայց ծնողներդ ասեին, որ դա լավ միտք չի: Ի՞նչ կանեիր: Կամ էլ կարող ես աշխարհի մասին ընդհանուր հարցից սկսել: Ի՞նչ կլիներ, եթե երեխաները ստիպված չլինեին դպրոց գնալ: Ի՞նչ կլիներ, եթե նրանք երբեք չսովորեին գրել ու կարդալ: Փոխարենն ի՞նչ կանեին: Ինչպիսի՞ն կլիներ նրանց կյանքը:
  5. Լսիր գլխումդ հնչող ձայներին: Երբեմն, երբ առանձնապես ոչ մի բանի մասին չես մտածում, բառ, արտահայտություն կամ նույնիսկ ամբողջ նախադասություն է ծնվում գլխումդ: Մի օր, երբ ես մեքենաս էի վարում Նյու-Յորքից Մեն, ես լսեցի, ինչպես ձայնն ասաց. «Ես երբեք ուղեղ չեմ ունեցել, մինչև Ֆրիքը չեկավ ու թույլ չտվեց իրենը պարտքով վերցնել, ու դա է ճշմարտությունը, ամբողջ ճշմարտությունը»: Միգուցե պարզապես երևակայում ես, կամ էլ դա քո հաջորդ պատմության սկիզբն է:

Թարգմանեց Բ. Պողոսյանը
[Թեման ֆորումում]/[Հոդվածը Հայարտում]