Twisted Perception Ֆորումի Նախապատմությունն Ու Կոնցեպցիան
1. Տեխնիկական մասը
Twisted Perception ֆորումը որպես հիմք օգտագործում է phpBB 3 ֆորումային շարժակը: Ֆորումի աշխատանքը, հոսթինգն ու դոմեյնը լրիվ անվճար հիմունքներով ապաովում է phpbbhosts կազմակերպությունը, որին մենք ուղղում ենք մեր շնորհակալությունը:
Ֆորումի տեխնիկական մասի պատասխանատուն է Rhayader-ը, սակայն դա տարածվում է միայն շարժակի գործունեության վրա, քանի որ հենց սերվերի գործունեությունն ամբողջությամբ իրականացնում է հոսթինգն ապահովող կազմակերպությունը:
2. Նախապատմությունը
Ֆորումի անմիջական նախնին հանդիսանում է Surprise.am ֆորումի երկրորդ սերունդը (2005 թ. սեպտեմբեր - դեկտեմբեր), որի հեղինակներն էին Վահե Հովհաննիսյանը (Poet) և Բայանդուր Պողոսյանը (SongOfFall, Rhayader): Ադմինիստրացիայի «թոշակի անցնելուց հետո» (Բայանդուրը զորակոչվեց ՀՀ Զինված Ուժեր, իսկ Վահեն նախապատրաստվում էր ընդունելության քննությունների) Surprise.am-ն անցավ իր գործունեության երրորդ սերունդ ու ստացավ նոր ադմինիստրացիա:
«Գաբրիել ու Սատանաիլ հրեշտակապետերը դիտում են, թե ինչպես է Հայր SongOfFall-ն արարում աշխարհը», սրբապատկեր, 21-րդ դար
Surprise.am-ի հանդիպման ժամանակ, ձախից աջ՝ GodIsDead, Rhayader, Deprave
Նոր ադմինիստրացիան որոշ ժամանակ անց չկարողացավ զերծ մնալ ներքին կոնֆլիկտներից, ու ֆորումը լուծարվեց:
Ֆորումը շարունակելու փորձ արեց Վահեն՝ ստեղծելով Rocker.am ֆորումը:
Կուսակցական ընկերներ Aji Dahaka-ն, Rhayader-ն ու WitchKing-ը Rocker.am-ի հանդիպման ժամանակ
Ադմինիստրացիայի մի շարք փոփոխություններից հետո (այս անգամ էլ Վահեն գնաց «հայրենիքին ծառայելու») Rocker.am-ը շեղվեց Surprise.am-ի բարձր իդեալներից:
Այս ժամանակ էլ սկսեց հասունանալ նոր ֆորում հիմնադրելու գաղափարը: Սկզբնական միտքը ձևավորեցին Բայանդուրն ու Ժիրայրը (october trees), որին պատմությունը կհիշի որպես կուսակցության նախահայրերից մեկը:
Rhayader-ն ու october trees-ը Բերդավանում (Նոյեմբերյանի մոտ)
Հետագայում նախագիծը երկար խմորվեց ու ձևակերպվեցին սկզբունքներ, որոնց հիման վրա գործում է ֆորումը:
3. Կոնցեպցիան
- Twisted Perception ֆորումը չի փորձում կրկնօրինակել Surprise.am-ը: Մենք առողջ ընկալում ենք, որ ֆորումը ոչ թե իր կառուցվածքն ու ուղղվածությունն է, այլ մարդիկ, ովքեր նրա մեջ մտնում են: Մեր ֆորումը, ցավոք, իր մեջ չի ներառում Surprise.am-ի ավանդական ադմինիստրացիայի շատ անդամների, ինչպիսիք են ադմինիստրատոր Poet-ն ու գլոբալ մոդերատորներ Godisdead-ն ու Snowey-ն, որոնք հանդիսանում էին նրա կորիզը: Դա հաշվի առնելով հանդերձ, մենք հիշում ու շարունակում ենք Surprise.am-ի ավանդույթները՝ դաս քաղելով նաև սխալներից:
- Ֆորումն ընտանիք է: Ֆորումի ամեն անդամի պրոբլեմները ֆորումի պրոբլեմներն են:
- Ֆորումն իր գրեթե բոլոր պրոբլեմները լուծում է դրական մտածելակերպի, ծիծիկների ու ալկոհոլի չարաշահման միջոցով:
- Ֆորումի մոդերատորական կազմը կրում է հույժ կազմակերպչական բնույթ ու իրավունք ունի ադմինիստրատիվ միջամտություն իրականացնել միայն հետևյալ դեպքերում.
- Ֆլուդ: Այս որակավորման տակ ընկնում է մեծաքանակ անբովանդակ գրառումների հաջորդականությունը, որի հեռացումը չի խաթարի քննարկման տրամաբանական ամբողջականությունը: Ինչևէ, ֆլուդի ոչնչացումը ոչ թե պատժիչ միջոցառում է, ինչպես շատ ֆորումներում, այլ պրոֆիլակտիկա, որպեսզի թեմաները դժվարընթեռնելի չդառնան:
- Օֆթոփ, այսինքն՝ թեմային չվերաբերող գրառում: Սրա նկատմամբ մոտեցումն էլ նույնն է, ինչ ֆլուդի նկատմամբ:
- Ֆորումը, ֆորումի կոնցեպցիան կամ դրա որևէ մասը ծաղրող գրառումներ: Ֆորումը նպատակ ունի հնարավորինս քիչ սահմանափակել իր անդամներին ու այդքանով հանդերձ քաոսի չվերածվել: Եթե ինչ-որ մեկին ինչ-որ բան դուր չի գալիս, կարող է իր կոնստրուկտիվ քննադատությունն ու առաջարկը ներկայացնել ադմինիստրացիային՝ այն անպայման կքննարկվի: Մնացած դեպքերում՝ մենք ոչ ոքի ուժով չենք պահում:
- Անձնական կոնֆլիկտի ծայրահեղ արտահայտումներ: Կոնֆլիկտների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այս գրառման «Մի փոքր էթիկայի մասին» կետում:
- Ամսականների օրերին որոշ մոդերատորներ չարանում են ու սկսում շանթ ու որոտ նետել: Այդ ժամանակ նույնիսկ օդմինները զինվում են համբերությամբ ու թաքնվում:
- Ֆորումի պաշտոնական լեզուն հայերենն է: Այլ լեզուներով գրառումները չեն արգելվում, եթե չեն ընկնում Կոնցեպցիայի 4-գ կետի տակ (այսինքն, եթե ինչ-որ մեկը հատուկ այս կետը ծաղրելու նպատակով սկսի ալբաներեն ու զիմբաբվերեն գրառումներ անել): Տրանսլիտով գրառումները չեն խրախուսվում, քանի որ տրանսլիտով գրվածը շատ մարդկանց համար դժվարընթեռնելի է: Հաշվի առնելով այն, որ որոշ մարդիկ դժվարություններ ունեն հայերեն գրելու հետ, իսկ մեր համակարգը հնարավորություն չի տալիս տեղադրել փոխակերպող մոդուլ, տրանսլիտի օգտագործումը չի արգելվում: Մոդերատորները հնարավորություն ու ժամանակ ունենալու դեպքում տրանսլիտային գրառումերը պետք է փոխակերպեն նորմալ տեքստի: Սա չի տարածվում այն դեպքերի վրա, երբ տրանսլիտը կիրառվել է որպես արտահայտչամիջոց՝ գրառմանը կամ նրա մի մասին երանգ հաղորդելու նպատակով:
- Ֆորումն իր գործունեությունն իրականացնում է ոչ միայն ինտերնետում: Ժամանակ առ ժամանակ տեղի կունենան ֆորումի հանդիպումներ (միտինգներ. «ցույց» բառի հետ կապ չունի): Հետագայում նախատեսվում են նաև ուրիշ միջոցառումներ, այդ թվում՝ արշավներ, ֆիլմերի ու համերգների տեսագրությունների դիտումներ, թեյախմություններ, փարթիներ, մուսկատային ու այլ հեծանիվներով ճանապարհորդություններ, էկոլոգիական-մաքրողական ակցիաներ (ինչպիսին էր Բուսաբանական այգու մաքրելուն Rocker.am-ի մասնակցությունը) և այլն:
4. Մի փոքր էթիկայի մասին
Շատ դեպքերում ադմինիստրատիվ միջամտության փոխարեն անհրաժեշտ է անհատական մոտեցում: Ստորև գրվածն ընդամենը փոքրիկ հուշում է ու ոչ ոքի չի կարող պարտադրվել:
Ադմինիստրացիան չի կարող ֆորումի երկու անդամների արգելել իրար հետ կոնֆլիկտ ունենալ: Իրար հետ կոնֆլիկտ կարող են ունենալ ցանկացած մարդիկ: Իսկ նրանից, թե ինչպես են իրենք իրենց պահում այդ կոնֆլիկտի ընթացքում, կարելի է շատ բան իմանալ այն մասին, թե ինչպիսի մարդիկ են նրանք:
Մենք խնդրում ենք ձեզ հնարավորինս զերծ մնալ կոնֆլիկտի հասարակական արտահայտումներից, մասնավորապես՝ միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններից:
Ֆորումում պետք չի չափից դուրս մեծ նկարներ դնել. ուրիշ անդամների ինտերնետը կարող է ձերի չափ արագ չլինել, բացի դրանից՝ որոշ ոչ այնքան ուժեղ համակարգիչների վրա ավելորդ ծանրացրած էջերը «կախում» են:
Մի ուրիշ տհաճ երևույթ, որ հազվադեպ չի ֆորումներում. երբ բանավեճի մեջ միանգամից մեծ խմբով գրոհում են մեկի վրա: Սրանից էլ ճիշտ կլինի խուսափել, քանի որ իր մեջ ճնշման տարր է պարունակում:
Լավ ասացվածք կա՝ բանավեճում պարտվում է նա, ով առաջինն է անհատականությունների անցնում: Պետք չի մարդու անհատականությանը «կպնել» միայն այն պատճառով, որ նա ձեր հետ համաձայն չի ինչ-որ հարցում:
Եթե ֆորումում կարծիք եք արտահայտում կամ նյութ եք դնում, ապա պատրաստ եղեք լսել նաև ուրիշների կարծիքը դրա մասին, լինի այն դրական, թե բացասական:
5. Մի քանի արգելքներ
Ինչևէ, ֆորումում կան բաներ, որոնք չի կարելի անել (եթե անեք, ձեզ փիղը կուտի, թքած, որ խոտակեր է).
- Չխոսել քաղաքականությունից, ոչ ներերկրյա, ոչ արտերկրյա, ոչ էլ միջաստղային: Քաղաքականությունը քըխ է, դա ոչ մի քննարկման կամ փոփոխման ենթակա չի:
- Մարդկանց խմբի կամ առանձին մարդկանց նկատմամբ (ասացի՝ մարդկանց, այնպես որ քյառթուները հաշիվ չեն) անհանդուրժողական ու քսենոֆոբիկ գրառումները, կախված իրենց էությունից, մասշտաբից ու խստությունից կբերեն ադմինիստրատիվ միջամտության: Այս կատեգորիայի տակ մտնում են նացիզմը, ռասսիզմը, հոմոֆոբիան, սեքսիզմը, քյառթությունը և այլն: Անհանդուրժողական մարդկանց նկատմամբ անհանդուրժողական գրառումները կքննարկվեն ըստ իրենց պարունակության ու օբյեկտիվության:
Լավագույն մաղթանքներով՝
Twisted Perception ֆորումի ադմինիստրացիա: