(Աջ կողմում՝ Միկտլանտեկուտլի աստծո կավե արձան, գտնվել է Տենոչտիտլանի Մեծ տաճարի «Արծիվների Տան» պեղումների ժամանակ)
Ացտեկների հավատալիքներում նույնպես գոյություն ունի մեռելների աշխարհ՝ տեղ, որտեղ բնակվում են մահացած մարդիկ: Այն կոչվում է Միկտլան՝ ստորերկրյա աշխարհի իններորդ, ստորին մակարդակը, որտեղ իշխում են Միկտլանտեկուտլի ([miktɬaːnˈtekʷtɬi]) ու Միկտեյկասսիվաալ աստվածությունները՝ մահվան տիրակալն ու տիրուհին:
«Միկտլանտեկուտլի» թարգմանաբար նշանակում է հենց «Միկտլանի տիրակալ»: Նրան պատկերում էին մարդկային ոսկորներով ծածկված մարմնով:
Դեմքի վրա նա կրում է մարդկային գանգի ձևով դիմակ, մազերը գանգուր են, հաճախ ծածկված աստղաձև աչքերով, քանի որ այս աստվածն ապրում է լիակատար մթության տիրույթում: Միկտլանտեկուտլին թղթե ծաղկաձև զարդեր է կրում. մեկը ճակատին (ixcochtechimalli), մյուսը՝ վզի ետևի կողմից (cuechcochtechimdli):Ացտեկական ասքերում Միկտլանտեկուտլին հաճախ պատկերվում է որպես աստվածների նախորդ սերնդի ոսկորների պահապան. երբ Կեցելկոատլը որոշում է ստեղծել մարդկանց, նա այդ նպատակով փորձում է գողանալ այդ ոսկորները: Միկտլանտեկուտլին նրան խանգարում է, ինչի պատճառով ոսկորներն ընկնում են գետնին ու փշրվում: Հետագայում Կեցելկոատլը դրանցից ստեղծում է մարդկանց բոլոր ռասաները:
Շարունակությունը կարող եք կարդալ ֆորումի «Մահ, ետմահու կյանք, մահվան աստվածություններ» թեմայում: