Ծննդոց 3:24
Ռեժիսոր Դարրեն Արոնոֆսկի
Սցենար Դարրեն Արոնոֆսկի, Արի Հանդել
Պրոդյուսերներ Էրիկ Վաթսոն, Արնոն Միլչան, Յաին Սմիթ
Երաժշտություն Կլինտ Մանսել
Թոմի դերում՝ Հյու Ջեքման (Իքս-Մարդիկ, «Թրաձուկ» Գաղտնաբառը, Ավստրալիա)
Իզզիի դերում՝ Ռեյչլ Վեյսց (Մումիա)
Այս ֆիլմ-հանելուկն, իմ կարծիքով, կատարյալ է ամեն տեսանկյունից. դերասանների ընտրությունը, դերասանական խաղը, Կլինտ Մանսելի անզուգական երաժշտությունը, որն ինձ հիացրել էր դեռ Արոնոֆսկու նախորդ՝ «Ռեքվիեմ Երազի Համար» ֆիլմում, օպերատորական աշխատանքը, մոնտաժը՝ ամեն ինչ արված է վերին աստիճանի լավ: Մեծագույն շնորհակալություն Jude-ին՝ այն իմ համար ձայնագրելու համար:
Իրականում "The Fountain"-ը կարող էր դառնալ Արոնոֆսկու առաջին աշխատանքը, երբ ֆիլմի նկարահանման իրավունքը 2002 թ. գնել էր Warner Bros ընկերությունը: Թոմի դերը պետք է իրականացներ Բրեդ Փիթը, իսկ Իզզիինը՝ Կեյտ Բլանշետը: Ճիշտն ասած, ոչ մի կերպ չեմ կարող պատկերացնել Փիթին, որի միակ ինձ հայտնի արժեքավոր դերերը «Մարտական Ակումբ», «Սնեչ» ու «Աշնան Լեգենդները» ֆիլմերն են, Թոմի դերում: Դրա համար էլ ինչ-որ տեղ ուրախ եմ, որ Փիթի հետ տարաձայնություններ առաջացան ու ֆիլմի նկարահանումը հետաձգվեց անորոշ ժամանակով:
2006 թվականին Դարրեն Արոնոֆսկին նկարահանեց ու թողարկեց ֆիլմը կես բյուջեով: Համակարգչային էֆֆեկտների փոխարեն նա օգտագործեց ավելի էժան մակրոֆոտոգրաֆիա: Գլխավոր դերերը խաղացին Հյու Ջեքմանն ու Ռեյչլ Վեյսցը: Ֆիլմի գործողությունները կատարվում են երեք զուգահեռ իրականություններում. Իզզիի գրքի մեջ Իսպանիայի Թագուհին Կոնկիստադորին ուղարկում է Կենտրոնական Ամերիկա՝ այնտեղ Կենաց Ծառը գտնելու ու Իսպանիան այն զավթող Ինկվիզիտորից փրկելու համար: Երկրորդ իրականությունը Թոմի գլխում է. մտասևեռված ու առանձնացված ամբողջ Տիեզերքից՝ նա փորձում է մահացող Ծառը հասցնել Շիբալբա, որտեղ այն նորից կծաղկի: Երրորդ իրականությունը մեր ժամանակներում կամ մոտիկ ապագայում է. Թոմ Կլեոն՝ հանճարեղ բժիշկ, փորձում է քաղցկեղի դեղ գտնել, որպեսզի փրկի իր կնոջը՝ Իզզիին:
Ֆիլմի թեման ֆորումում թարմացվել է, ավելացվել են վերլուծություններ ու մեկնաբանություններ: Թեման կարող եք կարդալ այստեղ: