Հետևեք մեզ Twitter-ում

  

Wednesday, June 30, 2010

Google Me. փնտրողական համակարգերի մեգահսկան պատերա՞զմ է հայտարարում Facebook-ին

(Braveheart-ի այս կադրին նմանեցնելու գաղափարը մի հոդվածից եմ ցրել, բայց հղումը կորցրել եմ)

Երբ Digg էջանշման համակարգի հիմնադիր Քեվին Ռոուզի թվիթթերում հայտնվեց ու հանելուկային կերպով անհետացավ մոտակա ժամանակներս Google-ի կողմից Facebook-ի մրցակից թողարկելու մասին թվիթը (Ռոուզը հետագայում նշել է, որ իրեն խնդրել են հանել թվիթը), այն բազմաթիվ բամբասանքների տեղիք տվեց: Եվ ահա՝ Facebook սոցիալական ցանցի տեխնիկական մասի նախկին ղեկավար Ադամ Դ'Անջելոն հաստատում է Quora կայքի իր բլոգային գրառման մեջ. Google-ը իսկապես աշխատում է Facebook-ի "Google Me" կոչվող մրցակցի ստեղծման ուղղությամբ: Նա նշում է «խիստ հավաստի աղբյուրից ստացած» իր ինֆորմացիան նոր ցանցի մասին.


Ֆորումի բլոգի նոր դիզայնի մասին

Ֆորումի բլոգը վերջնականապես վերադիզայնված է :? : Շնորհակալություն ֆորումի անդամներին ընթացքում օգտակար խորհուրդներ և ցուցումներ տալու համար: Մասնավորապես.
Freya
SSS
Azi Dahaka
AnnRobinWells

Ապրեք, երեխեք:
Բլոգի աշխատանքին վերաբերվող հարցեր, նկատողություններ ու առաջարկներ կարող եք տալ այստեղ:


Saturday, June 19, 2010

Flock-ը փոխում է պլատֆորմը

«Բրոուզերային նորություններ» թեմայից
Տարբեր մրցանակներ շահած Flock բրոուզերը, որը մինչ այժմ թողարկվում էր Mozilla Firefox-ի պլատֆորմի վրա, տեղափոխվում է Google-ի ներմուծած Chromium բաց պլատֆորմի: Այն նաև ավելի պարզ է դառնում՝ բազմաթիվ ծառայություններից, որոնք ապահովում էր Flock-ի նախորդ տարբերակը, մնում են Facebook-ի ու Twitter-ի ընդլայնված ապահովումը: Իսկ ես այնքան էի սիրում նրա բլոգ-խմբագրիչը:
Արդյո՞ք սա չի նշանակում ծանր օրեր Mozilla-ի համար: Բավականին տհաճ կլիներ կորցնել ինտերնետի ամենահեղինակավոր ու ամենաընդլայնելի բրոուզերներից մեկը:


Pioner One

Երկնային օբյեկտը ռադիացիա է տարածում Հյուսիսային Ամերիկայի վրա: Վախենալով տեռորիզմից, ԱՄՆ Հայրենիքի Անվտանգության գործակալներ են ուղարկվել, որ հետաքննեն ու սահմանափակեն վնասը: Այն, ինչ նրանք կհայտնաբերեն, ազդեցություն կունենա ողջ աշխարհի վրա:

Pioneer One-ը գիտաֆանտաստիկ սերիալ է, որը տարածվում է անվճար՝ տորրենտների միջոցով: Ֆինանսավորումն իրականացվում է դիտողների նվիրատվությունների միջոցով:
Նախագծին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում կամ այստեղ: Առաջին էպիզոդի տորրենտը՝ այստեղ (HD720P/XviD):
Եթե նախագիծը հաջողվի, սա կարող է նոր շրջան նշանակել անկախ կինոյի համար. երբ այն կդադարի լինել փոքրաբյուջե:
Սերիալը կարող եք քննարկել այստեղ (իհարկե, եթե ֆորումի գրանցված անդամներ եք):

Monday, June 7, 2010

Նշանակումներ

Velvet Bride` ադմինիստրացիոն խորհրդի անդամ, համաադմինիստրատոր
kyahi Թատրոն բաժնի մոդերատոր
Շնորհավորում եմ վերոհիշյալ անդամներին նշանակման առթիվ ու սպասում եմ պատասխանատու, պարտաճանաչ ու օբյեկտիվ ստրկություն, թու, օդմինություն ու մոդերություն :rofl: :
Հարգանքներով՝
Օդմին:

Friday, April 23, 2010

K-Pax

Ռեժիսոր. Յեյն Սոֆթլի
Սցենար. Ջին Բրյուեր (վեպը), Չարլզ Լյուիթ
Գլխավոր դերերում. Քևին Սփեյսի, Ջեֆ Բրիջիս
Կոմպոզիտոր. Էդվարդ Շիմուր
Կինոստուդիա. IMF Internationale Medien und Film GmbH & Co. 2. Produktions KG
Թողարկող. Universal Pictures
Թողարկման ամսաթիվ. հոկտեմբերի 26, 2001
Տևողություն. 120 րոպե
Լեզու. անգլերեն

Դե, ինձ թվում է՝ խորհուրդ տված ֆիլմերի ցուցակից արդեն պարզ է, որ ես սիրում եմ ֆիլմեր, որոնք կապված են ինչ-որ հանելուկի լուծման հետ («The Secret Window», «Color of the Night» և այլն): Երբ հայտնվում է մի մարդ, ու հայտարարում է, որ ինքն այլմոլորակային է, բնական ռեակցիա է կասկածել նրա հոգևոր առողջությանը, որքան էլ համոզիչ չլինեն նրա փաստարկները: Ու հենց այն պահին, երբ որոշում ես, որ լուծել ես հանելուկը, պարզվում է՝ ոչինչ էլ չգիտես:
Խառը գրեցի, բայց ֆիլմը նայողները կհասկանան, թե ինչ ի նկատի ունեմ:
Չնայած՝ այս ֆիլմում դա ընդհանրապես կարևոր չի: Իսկ ի՞նչն է կարևոր: Այն, որ մենք՝ մարդիկս, դեռ չենք հասկացել, իսկ կա-պեքսցիները բավականաչափ երկար են ապրել, որ նկատեն. տիեզերքը կընդարձակվի, հետո կսեղմվի: Հետո նորից կընդարձակվի: Ու այդպես հավերժ: Ու ամեն անգամ մենք կկրկնենք նույն սխալները, որ անում ենք: Ուրեմն այս անգամը մեր միակ հնարավորությունն է:

Թեման ֆորումում՝ այստեղ:

Երեխային օգնություն է անհրաժեշտ

Սա ես ստացա Impression-ից, կխնդրեի ձեր ուշադրությունը: Եթե նույնիսկ չեք կարող մասնակցել դրամահավաքին, գոնե օգնեք տարածել ինֆորմացիան:
Quote:
Գայանե Բաբայանը 5 տարեկան է, ապրում է Երևանում: Նրան շտապ պետք է վիրահատել: Գայանեն տառապում է ապլաստիկ անեմիայով: Բժիշկներն ասում են, որ նրա կյանքը փրկելու շանսերը շատ մեծ են, քանի որ երեխայի բարեկամներից մեկը հանդիսանում է դոնոր: Սակայն, ընտանիքը չունի միջոցներ, ապրում են ծայրահեղ աղքատության մեջ: Անհրաժեշտ է հավաքել 50 000 ԱՄՆ դոլար: Վիրահատությունը պետք է կատարվի Իրանում, քանի որ Հայաստանում նման վիրահատություններ չեն իրականացվում:
Ժող, ժամանակ չկա, մի ամսվա մեջ պետք ա փողը ճարել, 5 տարեկան էրեխու մասին ա խոսքը:

Մենք օֆիսով էլ ենք հավաքում, հայտարարություններ էլ ենք տվել, արտասահմանում փորձում ենք իրականացնել fundraising կոչվածը:

Հաշվի համարը` Յունիբանկ, Կոմիտասի մասնաճյուղ
ՀՀԴ հաշվեհամար` 24104004316800

Կամ կարող եք կապվել Վորլդ Վիժն Հայաստան ազգային գրասենյակի հետ`
Ռոմանոս Մելիքյան 1, Երևան

Հեռ. (+374 10) 749118, 749119
Ֆաքս. (+374 10) 749148
Email: wvarmenia@wvi.org
http://wvarmenia.am

խնդրում եմ, տարածեք ձեր բլոգերում, սոց. ցանցերում, մի խոսքով, որտեղ հնարավոր ա